четверг, 14 октября 2010 г.

Հայկական մաֆիային կնախանձեր նույնիսկ դասական Կոզա նոստրան. ամերիկացի դատախազ

g_image

ԱՄՆ բժշկական օգնության համակարգում բացահայտված խոշոր զեղծարարության մանրամասներ է բացահայտում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, որոնք ծնունդով նախկին ԽՍՀՄ երկրներից են, հիմնականում՝ Հայաստանից։

Ամերիկյան 25 նահանգներում նրանք բացել են 118 ձևական բժշկական կլինիկաներ։ Նյու Յորքում խմբավորման ղեկավարությունն իրականացվում էր փոքր գրասենյակից, որը գտնվում է ավտոնորոգման արհեստանոցի վերևում։
Նյու Յորքի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան բացահայտված խմբավորումն անվանել է «միջազգային»՝ ընդգծելով, որ նրա ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ՝ պարբերաբար այցելելով այդ երկիր և ձեռք բերելով այնտեղ անշարժ գույք ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցների հաշվին։ Դատախազը խմբավորումը համեմատել է «դասական Կոզա նոստրայի» հետ՝ հավելելով, սակայն, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական տարածքի և հավակնոտության տեսանկյունից ավանդական մաֆիան կարող էր նախանձել այս ամերիկահայկական խմբավորմանը»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հայկական մաֆիայի գլխին կանգնած է եղել Պզո մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը։

Պզոն կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդն է, որը զբաղվում է զենքի, թանկարժեք քարերի և հազվագյուտ մետաղների ապօրինի շրջանառությամբ, թմրանյութերի մաքսանենգությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ ու դրամաշորթությամբ։

Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ Ղազարյանն ԱՄՆ է գաղթել 1996թ. և այնտեղ գտնվել փախստականի կարգավիճակում, չնայած պարբերաբար մեկնել է Հայաստան և Ադրբեջան։ Ղազարյանը ԱՄՆ-ում ձերբակալված առաջին «օրենքով գողն» է 1995–ից ի վեր, երբ ձերբակալվեց Վյաչեսլավ Իվանկովը, և առաջին «օրենքով գողը», որին ԱՄՆ-ում առաջադրվել է մեղադրանք, որը նախատեսում է խիստ քրեական և քաղաքացիա-իրավական պատիժ։ Ղազարյանն ապրել ու ձերբակալվել է Լոս Անջելեսում։

Հետաքննության տվյալներով՝ հայկական խմբավորման անմիջապես ղեկավարել են Դավիթ Միրզոյանը Լոս Անջելեսում և Ռոբերտ Թերջանյանը Նյու Յորքում։

Նրանք զբաղվել են զեղծարարությամբ, ռեկետով, անձնական տվյալների գողությամբ, կրեդիտ քարտերի կեղծմամբ, փողերի լվացմամբ, նարկոտիկի վաճառքով, դրամաշորթությամբ, ծխախոտի և «վիագրայի» ապօրինի տարածմամբ։

Մեղադրական փաստաթղթերում նաև ասվում է, որ հանցագործները մոլորեցնում էին ԱՄՆ ներգաղթային իշխանություններին և «օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների օգնությամբ այնպես էին դասավորում, որ այդ կառավարությունը հրաժարվում էր ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անձանց՝ այդպիսով զրկելով ամերիկյան իշխանություններին նրանց արտաքսելու հնարավորությունից»։

Դատախազը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կամ այլ երկրների իրավապահ մարմինները աջակցել են ամերիկյան իշխանություններին այս գործի հետաքննության ընթացքում։
Հետաքննությունը շարունակվել է շուրջ 1 տարի այն դեպքում, երբ դատախազության տվյալներով՝ հայկական մաֆիան ԱՄՆ-ում ձևավորվել է նվազագույնը 4 տարի առաջ։

Tert.am

2 комментария:

  1. Մեր տեղեկություններով` բազմաթիվ հանցատեսակների մեջ մեղադրվող, այդ թվում` առողջապահական ապահովագրության զեղծարարությունների գլխավոր հեղինակ, հանցախմբի ղեկավար եւ օրերս ԱՄՆ-ում ձերբակալված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, սերտ կապեր է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորված անձ Սերոբ Հարությունյանի հետ: Նրանք նաեւ սերտ եւ փոխշահավետ համագործակցություն են ունեցել: Պզոն ՔԿՀ-ներում ապահովել է Սերոբին անցանկալի քրեական կամ ոչ քրեական տարրերին «կոտրելու» գործառույթը եւ վերահսկել նրանց, իսկ Սերոբը, օգտագործելով իր ԱԱԾ-ական կապերը, միշտ քրեական պատասխանատվությունից «պրծացրել է» Պզոյի զինակիցներին ու ընդհանրապես նրան անհրաժեշտ մարդկանց: Մանրամասներին սպասեք հաջորդող համարներում:
    http://www.zhamanak.com/news/12447/

    ОтветитьУдалить
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման կալանավորված ներկայացուցիչների մեծ մասը հայեր են, հաղորդում է ԱՄՆ-ի Դաշնային հետախզությունների ծառայությունը (FBI):

    Կազմակերպությունն արդեն իսկ պաշտոնապես հրապարակել է ապահովագրական ոլորտում մեքենայությունների մեջ մեղադրվող անձանց ցուցակը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ-ում բացահայտված խմբավորման պարագլուխը 44-ամյա Արմեն Ղազարյանն է, ով գոյություն չունեցող հիվանդանոցների ցանցի միջոցով միլիոնավոր դոլարներ է կորզել Medicare ապահովագրական հիմնադրամից: Հենց նա էլ գլխավորում է FBI-ի կողմից հրապարակված ցուցակը, որում ընդգրկված են նաև Դավիթ Միրզոյանը, Ռոբերտ Թերջանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Հրայր Բաղումյանը, Պողոս Սատամյանը, Արթուր Եպիսկոպոսյանը, Վահան Ստեփանյանը, Վարուժան Ամրոյանը, Հակոբ Պողոսյանը, Կարեն Սիմոնյանը, Վարդան Բոյզադժյանը, Արթուր Մանասարյանը, Գուրգեն Միրիմանյանը, Մանուկ Մուրադխանյանը, Լիանա Սողոյանը, Տիգրան Թաքվորյանը, Գայանե Խաչատուրյանը, Գագիկ Քյուրքչյանը, Արմեն Գրիգորյանը, Կարեն Ահարոնյանը, Աննա Տեր-Մարտիրոսյանը, Ռաֆիկ Թերջանյանը և Սամվել Հակոբյանը:
    Ցուցակում նաև երկու ոչ հայկական ազգանուն կա` Աննա Զայչիկ և Միխայիլ Դոբրուշին:

    Ձերբակալվածների հիմնական մասը, այդ թվում` Արմեն Ղազարյանը, Կալիֆորնիա նահանգի գրանցում ունեն, մնացածը` Նյու Յորք նահանգի:

    FBI -ի տվյալների համաձայն` խմբավորման անդամներին մի քանի տեսակի մեղադրանքներ են առաջադրված, այդ թվում` գումարներ շորթելու նպատակով իրականացվող դավադրություն, ապահովագրական ոլորտում մեքենայություններ, բանկային հաշիվների հետ կապված մեքենայություններ, փողերի լվացում, անձը հաստատող փաստաթղթերի գողություն, կրեդիտային քարտերի հետ կապված մեքենայություններ, իմիգրացիոն ոլորտում իրականացված մեքենայություններ:

    Մեղադրանքները հաստատվելու դեպքում ձերբակալվածների մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, ինչն այս կարգի հանցագործությունների դեպքում բարձրագույն պատժամիջոց է համարվում:
    http://epress.am/FNew.aspx?nid=6362

    ОтветитьУдалить